Եվրամիությունը կհատկացնի Ադրբեջանին 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ, հայտարարել է դրացիության եւ ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքւոմ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բրյուսելը կհատկացնի այդ գումարը տնտեսական ներդրումային պլանի շրջանակում:

Վարխելին նաեւ հայտարարել է Ադրբեջանում իրականացվող վերականգնման եւ վերակառուցման գործընթացում մասնակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի ու կապի ոլորտներում:

Հանձնակատար Օլիվեր Վարխելին նշել է, որ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններն ունեն մեծ նշանակություն ԵՄ-ի համար, եւ կարեւոր է այդ հարաբերությունների ամրապնդումը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկերն է: