Նախորդ տարի Հյուսիսային Կորեան շարունակել է ծրագրերի զարգացումը միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների ոլորտում, իսկ կրիպտոարժութային բորսաների վրա Փհենյանի հարձակումները եկամտի կարեւոր աղբյուր էին, նշվում է Reuters-ի կողմից հրապարակված նյութերում, որոնք ներկայացված են ՄԱԿ-ի գաղտնի զեկույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զեկույցը, որը նախապատրաստել են պատժամիջոցների գործողություններին հետեւող անկախ դիտորդները, ուրբաթ երեկոյան ներկայացվել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովին:

«Չնայած միջուկային փորձարկումների կամ միջցամաքային բալիստիկ հրթիռների մասին տեղեկություններ չեն ստացվել՝ Հյուսիսային Կորեան շարունակել է զարգացնել իր ներուժը միջուկային քայքայիչ նյութեր արտադրելու գծով»,-նշել են փորձագետները:

Զեկույցի համաձայն՝ երկիրը նաեւ շարունակել է միջուկային եւ բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքի զարգացումը, ընդ որում՝ նշվում է, որ Փհենյանը «շարունակել է որոնել նյութեր եւ տեխնոլոգիաներ այդ ծրագրերի համար արտերկրում, այդ թվում՝ կիբերմիջոցների ու ժամանակակից գիտական հետազոտությունների միջոցով», ասվում է Reuters գործակալության հաղորդագրության մեջ:

Փորձագետները նաեւ նշել են, որ Փհենյանը զգալի չափով արագացրել է հրթիռային փորձարկումները, ինչպես նաեւ ընդգծել են, որ կիբերհարձակումները, հատկապես, կրիպտոարժութային ակտիվների վրա, շարունակում են մնալ Հյուսիսային Կորեայի համար եկամտի կարեւոր աղբյուր: Նշվում է, որ 2020 թվականից մինչեւ 2021-ի կեսերը Հյուսիսային Կորեայից կիբերհարձակումների հետեւանքով գողացվել է ավելի քան 50 միլիոն դոլար Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում առնվազն երեք կրիպտոարժութային բորսաներից:

Մինչդեռ Հյուսիսային Կորեայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, նշված է զեկույցում: Փորձագետները նշել են, որ դա կարող է կապված լինել COVID-19-ի պատճառով շրջափակման հետ, սակայն Հյուսիսային Կորեայից տեղեկատվության պակասի պատճառով դժվար է պարզել, թե որքանով են ՄԱԿ-ի պատժամիջոցները առանց դիտավորության վնասում քաղաքացիական բնակչությանը, նշել է գործակալությունը: