Ազգային անվտանգության հարցերին եւ ռազմական գործերին վերաբերող թափանցիկության բացակայությունը հանգեցրել է իշխանությունների նկատմամբ ամերիկացիների վստահության անկմանը, հաղորդում է  Associated Press-ը:

Նշվում է, որ Վաշինգտոնի նկատմամբ վստահության պաշարը նվազել է տասնամյակների ընթացքում ստի, կեղծիքի եւ սխալների պատճառով՝ սկսած արտամուսնական կապերից մինչեւ Իրաքում զանգվածային զենքի բացակայությունը:

Բացի այդ, այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ազգային անվտանգությանը վերաբերող հայտարարությունները հաստատելու համար ապացույցներ ներկայացնելու խնդրանքին պատասխանել է հետեւյալ արտահայտությամբ. «Դուք պետք է մեզ հավատաք»: Դեռ ավելին, Սպիտակ տանն անգամ ենթադրել են, որ լրագրողները հետեւում են օտարերկրյա քարոզին՝ այդպիսի հարցադրումներ կատարելով:

«Ոչ, նրանք չեն բացահայտի, թե ինչն է ստիպել նրանց ասել, որ գիտեն, որ Ռուսաստանը նախապատրաստում է կեղծ ծրագիր Ուկրաինա ներխուժելու համար: Ոչ, նրանք չեն բացահայտի, թե որտեղից է տեղեկատվությունը, որ Սիրիայում խաղաղ բնակիչները զոհվել են մահապարտի պայթյունի, ոչ թե ամերիկյան հատուկջոկատայինների կողմից»,-ասվում է նյութում:

Բացի այդ, գործակալությունը նշել է Բայդենի վարչակազմի նկատմամբ աճող կասկածամտությունը հարցերում, որոնք վերաբերում են հետախուզությանն ու ռազմական գործերին, հատկապես, երբ իշխանությունները չեն կարողացել կանխատեսել, թե որքան արագ է «Թալիբանը» զավթել իշխանությունն Աֆղանստանում: