Հունաստանն ուղիներ է փնտրում՝ հակամարտության գոտիներում թուրքական մարտական ​​անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը եւ տարածմանը հակազդելու համար, գրում է հունական Kathimerini թերթը։

Աղբյուրի համաձայն՝ Աթենքը դիվանագետներին հրահանգում է ուղիներ գտնել՝ խանգարելու Թուրքիային վաճառել իր անօդաչու թռչող սարքերը հակամարտությունների գոտիներում՝ արտասահմանում իր ազդեցությունը մեծացնելու ձգտման շրջանակներում:

Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել իր ԱԹՍ-ների արտադրության մեջ, հատկապես՝ Bayraktar TB-2-ի եւ Anka-S-ի արտահանման եւ զարգացման: Այդ համակարգերն ունակ են օդային հարվածներ հասցնել եւ օգտակար են մարտի դաշտում հետախուզական տվյալների հավաքման համար։ Անօդաչու սարքերը կենտրոնական դեր են խաղացել Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում թուրքական միջամտությունների ժամանակ:

Դեկտեմբերի 20-ին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում զինվորականների մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել, որին քննարկվել էին այն ուղիները, որոնցով Հունաստանը կարող է համոզել Անկարայի հետ նման գործարքներ կնքողներին, որ այդ վաճառքներն իրականացվում են թուրքական ազդեցությունը մեծացնելու նպատակով։

Հունաստանն, իր հերթին, նույնպես ներդրումներ է կատարել իր զինված ուժերի արդիականացման մեջ՝ Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից սպառազինության համակարգերի նոր մատակարարումների հաշվին: Բացի այդ, Աթենքն ավելի սերտ հարաբերություններ ապահովեց Իսրայելի հետ եւ պաշտպանական պայմանագիր կնքեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ: Բայց մտահոգություն կա, որ Թուրքիան դեռ կարող է առավելություն ունենալ, եթե շարունակի գովազդել իր ԱԹՍ-ները:

Հունական Ta Nea օրաթերթում հրապարակված «Բայրաքթարը փորձում է Հունաստանի պաշտպանությունը» վերնագրով հոդվածում ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Էվանգելոս Յորգուսիսը նախազգուշացրել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը սպառում են հունական օդուժի հնարավորությունները։

Հույն այլ պաշտոնյաներ նույնպես մտահոգություն են հայտնել, որ Թուրքիան կարող է հաղթահարել Հունաստանի որակական առավելությունը կործանիչներում՝ պարզապես ավելի շատ անօդաչու թռչող սարքեր պատվիրելով՝ դրանք գերազանցելու եւ ջախջախելու համար: