Իսրայելում ներքին լրտեսության շուրջ սկանդալը մեծ թափ է հավաքում։ Վարչապետ Նաֆթալի Բենեթը խոստացել է միջոցներ ձեռնարկել հետո, երբ նոր տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ոստիկանությունն անօրինական կերպով օգտագործել է Pegasus ծրագրային ապահովումը՝ տասնյակ հայտնի գործիչների հեռախոսները կոտրելու համար, հաղորդում է AFP-ն:
Calcalist բիզնես օրաթերթի վերջին նորությունը, թե Pegasus-ը օգտագործվել է նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու եւ նրա խորհրդականների, ինչպես նաեւ ակտիվիստների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, գործարարների եւ այլ անձանց դեմ:
Calcalist-ը ավելի վաղ հայտնել էր, որ սկանդալային վնասարար ծրագիրը, որը կարող է հեռախոսը վերածել գրպանի լրտեսական սարքի, ոստիկանությունն օգտագործել է Նեթանյահուի դեմ բողոքի շարժման առաջնորդների դեմ:
Հոդվածի հայտնվելուց ժամեր անց Բենեթը երդվել է, որ իր կառավարությունը «սա անպատասխան չի թողնի»։ «Հրապարակումները հստակ նկարագրում են մի շատ լուրջ իրավիճակներ, որոնք անընդունելի են ժողովրդավարության համար»,- ասել է Բենեթը: «Այս կիբեռգործիքները նախատեսված են ահաբեկչության եւ լուրջ հանցագործությունների դեմ պայքարելու համար, այլ ոչ թե քաղաքացիների դեմ օգտագործելու համար: Մենք կհետեւենք թափանցիկ, խորը եւ օպերատիվ հետաքննությանը, քանի որ մենք բոլորս՝ Իսրայելի պետության քաղաքացիները, կառավարության նախարարները եւ բոլոր կառույցները, արժանի ենք պատասխանի»:
Հասարակական անվտանգության նախարար Օմեր Բարլեւը, ով համակարգում է ոստիկանությունը, ասել է, որ հաստատվելու դեպքում հետաքննությունը պաշտոնաթող դատավոր կղեկավարի, որը բոլորին կհարցաքննի, որպեսզի բացահայտի «քաղաքացիական իրավունքների խախտումը եւ անձնական կյանքի անձեռնմխելիությունը»:
Pegasus-ը վնասարար ծրագիր է, որը ստեղծվել է իսրայելական NSO ընկերության կողմից եւ ամիսներ շարունակ միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բացահայտումներից հետո, որ աշխարհի կառավարություններն դա օգտագործում են ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ նույնիսկ պետությունների ղեկավարներին լրտեսելու համար:
Իսրայելը խիստ քննադատության է ենթարկվել, որ թույլ է տվել ինվազիվ տեխնոլոգիաներ արտահանել մարդու իրավունքների վատ ցուցանիշներ ունեցող երկրներ, սակայն Calcalist-ի հրապարակումները երկրի ներսում են վրդովմունքի պատճառ դարձել:
Նախագահ Իսահակ Հերցոգը ենթադրել է, որ իսրայելական հիմնական հաստատությունների նկատմամբ վստահությունը վտանգված է: «Մենք չպետք է կորցնենք մեր ժողովրդավարությունը։ Մենք չպետք է կորցնենք մեր ոստիկանությունը։ Եւ, իհարկե, մենք չպետք է կորցնենք հասարակության վստահությունը նրա նկատմամբ։ Սա պահանջում է խորը եւ մանրակրկիտ հետաքննություն»,- ասել է Հերցոգը:




























