Պատժամիջոցների չեղարկման մասին Իրանի պահանջների մի մասը դեռ չի բավարարվել։ Այդ մասին իր ֆինն գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ իրանական թիմը կշարունակի իր ջանքերը բարեխիղճ համաձայնության հասնելու համար։
Պատասխանելով երեքշաբթի Վիեննայում ընթացող բանակցությունների ութերորդ փուլի շարունակման մասին հարցին` նա ասել է. «Մենք կենտրոնացել ենք բանակցությունների ընթացքում ձեռք բերված վերջին տեքստերի վրա, պատժամիջոցների չեղարկման ոլորտում մեր պահանջները դեռեւս չեն կատարվել: Առաջիկա օրերին պարոն Ալի Բաղերին եւ Վիեննայի բանակցությունների առաջատար փորձագետները ուշադրությունը կկենտրոնացնեն այն փաստաթղթի վրա, որն անհրաժեշտ է համաձայնեցնել, որտեղ կողմերը ցույց կտան իրենց վերադարձը ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր ) մասով պարտավորություններին», - հավելել է նա։
Նա նաեւ հույս է հայտնել, որ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի այս փուլում։
«Այն, թե կարող ենք արդյոք առաջիկա օրերին լավ համաձայնության հասնել, կախված է երեք եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների նախաձեռնությունից եւ վարքագծից», - ասել է նա:





























