Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Այդ ուղերձում Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից է եղել, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։
Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ընդլայնվել եւ ակտիվացել են տարբեր ոլորտներում, իսկ բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել է նաեւ համագործակցության իրավական հիմքը։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու Իրանի վճռականությունը։





























