Գերմանիան եւս մինչեւ 350 զինվորական կուղարկի Լիտվա, որպեսզի ուժեղացնի Գերմանիայի հրամանատարությամբ ՆԱՏՕ-ի գլխավորած մարտական ստորաբաժանումը, որը տեղակայված է այնտեղ «ռուսական հարձակումը կանխելու համար», հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լրացուցիչ զորքերի տեղակայումը կսկսվի փետրվարի 14-ին։ Լիտվայի պաշտպանության նախարարը լուրն անվանել է «կարեւոր ազդանշան»։
«Գերմանիան, ինչպես եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, համալրում են ուղարկում, քանի որ անվտանգության իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է»,- BNS-ին ասել է Արվիդաս Անուսաուսկասը:
ՆԱՏՕ-ն ընդհանուր մոտ 5000 անձնակազմով չորս բազմազգ մարտական ռազմական միավորումներ է տեղակայել Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում: Նրանց այնտեղ են ուղարկել ի պատասխան 2014 թվականին Ղրիմի միացմանը Ռուսաստանին։




























