Թաիլանդի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպան Չալերմպոլ Թանչիտին (Chalermpol Thancitt, նստավայրը` Մոսկվա )՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-թաիլանդական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց ընդլայնման համար:

Դեսպանը Թանչիտն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրել որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խորացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղիները, անդրադարձել  իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցության խթանման, մշակութային փոխանակումների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի ձեւավորման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Թաիլանդի փոխգործակցությանն առնչվող հարցերին: