ԱՄՆ-ն F-22 կործանիչների էսկադրիլիա կուղարկի ԱՄԷ՝ Եմենի «Անսար Ալլա» (հուսիներ) շարժման ապստամբների կողմից գործարկվող անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար, հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Քենեթ Մաքքենզին էմիրաթական WAM գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք տեղ ենք հասցրել հրթիռային էսմինեց (USS Cole), որը բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու հնարավորություն ունի։ Այն պարեկելու է ԱՄԷ-ի ջրերը՝ սերտորեն աշխատելով ԱՄԷ-ի ՀՕՊ-ի հետ՝ իրենց երկիրը պաշտպանելու համար։ Հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք F-22 կործանիչների էսկադրիլիա ուղարկել, որոնք աշխարհի լավագույն կործանիչներն են օդում գերազանցություն ապահովելու տեսանկյունից», - ասել է Մաքքենզին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն։
Անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կործանիչներ եւ հրթիռային էսմինեցներ կուղարկի Պարսից ծոցի տարածաշրջան՝ հուսիների կողմից վերջերս կատարված հարձակումներից հետո ԱՄԷ-ին աջակցելու համար։
Հունվարի սկզբից հուսիները երկար դադարից հետո կրկին սկսել են գնդակոծել ԱՄԷ-ն՝ ի պատասխան Եմենում հուսիների դեմ գործողություններին էմիրաթական զինվորականների մասնակցության վերսկսմանը։
Եմենում կառավարական ուժերի եւ հուսիների միջեւ զինված դիմակայությունը շարունակվում է 2014 թվականի օգոստոսից: Կառավարության կողմից նաեւ 2015 թվականից հանդես է գալիս արաբական կոալիցիան ՝ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գլխավորությամբ։




























