Հայ եւ բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, շատ սերտ բարեկամական կապեր ունեն եւ որեւէ հայտարարություն չի կարող ազդել այդ բարեկամության վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Բելառուսի նխագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախօրեին արած հայտարարությանը, թե «Հայաստանը տեղ չունի գնալու»:

«Այստեղ որեւէ մեկնաբանելու առիթ չեմ տեսնում, ես չեմ ուզում նման հայտարարություններին արձագանքել, տարբեր ժամանակներում դրան նմանվող տարբեր արտահայտություններ եղել են: Իրենց ներքաղաքական, երկրին վերաբերող հարցերի շուրջ հնչող հայտարարություններ են, որեւէ կերպ նման հարցեր չեն քննարկվում Հայաստանում»,-ասաց նա:

Արշակյանը վկայակոչեց դրա վերաբերյալ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը՝ նշելով, որ իր մեկնաբանությունը չի կարող տարբերվել ԱԳՆ-ի մեկնաբանությունից. «Եթե ԱԳՆ-ն է որեւէ մեկնաբանություն անում, ուրեմն պատշաճ է»:

Դիտարկմանը, թե գուցե իսկապես միութենական պետություն ստեղծելու շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, նման քննարկումներ չկան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության եւ դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա»։