Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճռին՝ կապված անհապաղ միջոցներ ձեռնարկելու հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի վերջին հայտարարությանը։
Նա հիշեցրեց, որ որոշումն ընդունվել է դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին։ «Ուզում եմ նաեւ նկատել, որ 2 միլիարդ եվրո տրվում է մի երկրի, որն աչքի է ընկնում ոչ միայն իր ավտորիտար ռեժիմով, այլեւ հարեւանների նկատմամբ իրականացվող քաղաքական վանդալիզմով, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացմամբ»,- ընդգծեց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր «աշխատանքային խումբ» ստեղծելու մասին։ Դրա նպատակը Արցախի օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիներին «ալբանական տեսք» հաղորդելն է։
Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու անմիջական վտանգ կա։ Այն, մասնավորապես, Ադրբեջանին պարտավորեցնում է․
1. «Բռնությունից եւ մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, ովքեր գերի են ընկել 2020 թվականին զինված հակամարտության հետեւանքով եւ դեռ շարունակում են մնալ գերության մեջ, ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջեւ»;
2. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների եւ պետական կառույցների կողմից»;
3. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների եւ այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների եւ արտեֆակտների դեմ ուղղված վանդալիզմի եւ պղծման գործողությունները կանխելու եւ պատժելու համար»:





























