Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն այսօր` հուլիսի 20-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերին է ներկայացրել 2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրգործի նախաքննության արդյունքներին վերաբերող հարցեր:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, Մարտի 1 -ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվա Զեհեն:
Ա.Միրզոյանը մանրամասնել է Հայաստանի նախագահի հանձնարարականից հետո նշված քրեական գործով կատարված աշխատանքները եւ ընդգծել, որ քննության առաջնային նպատակն այդ իրադարձությունների ընթացքում 10 անձանց մահվան, ինչպես նաեւ անձանց մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերի բացահայտումն է։
Միաժամանակ արձանագրել է, որ քրեական գործով հնարավորինս ապահովվում է թափանցիկությունը, եւ ամիսը երկու անգամ քննչական խմբի ղեկավարը հանդիպում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ։
Հյուրերը դրական են գնահատել քննության թափանցիկությունը՝ կարեւորելով քննության արդյունքների նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորումը, ինչին մեծապես կնպաստի հատկապես 10 անձանց մահվան դեպքերի բացահայտումը։



























