Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա` հուլիսի 20-ի նիստում «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու 6 որոշում է ընդունել` նոր բաժանորդներին էլեկտրական ցանցին միացնելու պայմանները խախտելու պատճառաբանությամբ:
Բոլոր որոշումներով էլ սահմանված է 5-ական մլն դրամի տուգանք, հետեւաբար` ընդհանուր տուգանքի չափը կազմել է 30 մլն դրամ:
Հատկանշական է, որ բողոքների մեծ մասն ստացվել է մարզերի բնակիչներից, եւ միայն մեկը` Երեւանից (Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական եւ Բագրեւանդի փողոցների միջանկյալ տարածքի անհատական բնակելի տների սեփականատերերից):
Նիստի ժամանակ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիներից բողոքներ են ստացվում այն մասին, որ «Հայկական էլեկտրացանցերը» տարբեր պատճառաբանություններով անուշադրության են թողնում համակարգին միացնելու դիմումները:




























