Երեւանում կանաչապատման մասով աշխատանքներ տարվում են, սակայն դրանք բավարար չեն քաղաքի կենտրոնը կանաչապատելու համար սահմանված չափանիշներին հասնելու համար:
Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել ժամկետանց եւ ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը արագացնելու խնդրին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քաղաքապետը Կենտրոն շրջայցի ընթացքում ծանոթացել է Մաշտոցի պողոտա 2-4 եւ Լուսավորչի 17 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Բակի բարեկարգ տեսքը ամբողջացրել են վերջերս տեղադրված մանկական խաղերն ու մարզասարքերը:
Մաշտոցի պողոտա 2-4 եւ Լուսավորչի 17 շենքերի բնակիչները բարձրացրել են ոռոգման ջրի, ինչպես նաեւ հեղեղատի հետ առաջացած խնդիրների հարցերը: Բարձրացված առաջին խնդրի ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առաջիկայում լուծում գտնել, իսկ ինչ վերաբերում է հեղեղատներին, նա նշել է, որ այս մասովց մեծ ծրագիր է իրականցվելու:
Երեւանի քաղաքապետը շրջել է նաեւ Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումի տարածքում:
Քաղաքապետը նշել է ,որ գետնանցումների բարեկարգման ծրագրով առաջիկայում կհայտարարվի մրցույթ, եւ հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները,համաձայն որոնց տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն ,կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաեւ առեւտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Հանրապետության 62 շենքի բակում փոքրիկների հանգիստը կազմակերպելու համար առկա լողավազանին, այս տարի գումարվել են նաեւ կարուսելները: Վերջերս էլ քանդվել են բնակիչների կողմից նախկինում զբաղեցված բոստանային տարածքները, ուր տեղադրվել են նոր ու գեղեցիկ նստարաններ:
Կարեն Կարապետյանը գոհ է մնացել նաեւ Մաշտոցի 40 Ա շենքի բակում կատարված աշխատանքներից, ուր եւս բակի բնակիչների համար ստեղծվել են հանգստի բոլոր հնարավորությունները: Նա շրջել է նաեւ Հյուսիսային պողոտայում ու Սայաթ-նովա փողոցում:




























