Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 26-ին կլսի Փանահ Հուսեյնի, Ռաուֆ Արիֆօղլուի, Արիֆ Հաջիլի եւ Սարդար Ջալալօղլուի հայցերն` ընդդեմ Ադրբեջանի: (գործ N35485/05, 45553/05, 35680/05 եւ 36085/05):

Ինչպես հաղորդել է vesti.az-ը` վկայակոչելով ՄԻԵԴ-ի քարտուղարությանը, հայցվորները մեղադրվում էին հոկտեմբերի 15-16-ին հասարակական կարգը խախտելու համար եւ դատապարտված էին 4-5 տարի ազատազրկման, բայց 6 ամիս անց նրանք ազատ են արձակվել նախագահի համաներման հրամանագրով:

Նրանք պնդում են, որ խախտվել են  Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մի շարք կետեր` արդար դատավարության իրավունքը, անմեղության կանխավարկածը, բարձրակարգ իրավաբանական օգնությունը: Դրանից բացի` Փ. Հուսեյնը, Ռաուֆ Արիֆօղլուն, Արիֆ Հաջիլը հայտարարել են նաեւ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման մասին` հավաքների ազատություն, իսկ Հուսեյնը` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին` նվաստացնող վերաբերմունք:

Նույն օրը ՄԻԵԴ-ը կլսի նաեւ Բաքվի բնակիչ Նադիր Օրուջեւի բողոքը (N 4508/06), ով հայտարարել էր, որ իր թեկնածությունը 2005թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեղյալ է հայտարարվել, ինչը Կոնվենցիայով ամրագրված ազատ ընտրությունների իրավունքի խախտում է: