Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ձգում է ԶԼՄ-ների սանձերը» «Տերտերի գործով» հրապարակումների համար։ Դատախազությունը զգուշացրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին՝ կապված վերոնշյալ գործի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատախազության մամուլի ծառայությունը, հայտնել են, որ դատախազությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ սոցցանցերի օգտատերերին զգուշացրել է, որ առանց համապատասխան թույլտվության նախաքննության մասին տեղեկության հրապարակումն անթույլատրելի է եւ քրեորեն պատժելի։ 

«Քննության վրա ազդելու, հասարակության շրջանում սխալ կարծիք ձեւավորելու, ադրբեջանական բանակի եւ պետական մարմինների համբավը ստվերելու նպատակով խեղաթյուրված տեղեկություն տարածելու համար օրենքով նախատեսված միջոցներ կկիրառվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։