Ռուսաստանի Տուլա շրջանում դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Կոսայա Գորա գյուղի 53-ամյա բնակիչ Լեւ Խռուլեւի նկատմամբ, ով մեղադրվում է հայի սպանության մեջ:
Ինչպես գրել է «Կոմերսանտ» թերթը, այս տարվա մարտի 7-ին, Խռուլեւին զայրացրել է, որ հարեւանները վերանորոգման աշխատանքներ են կատարում եւ խանգարում իրեն: Շաղափիչի աղմուկը նրան շատ է նյարդայնացրել եւ նա, վերցնելով որսորդական հրացանը, գնացել է հարեւանների տուն:
Ներխուժելով բնակարան` տղամարդը ասել է իր բոլոր դժգոհությունները եւ կրակել Հայաստանի քաղաքացու վրա, ով շինարարություն էր իրականացնում այդ տանը: Հայը մահացել է հենց դեպքի վայրում: Հեռանալով` Լեւ Խռուլեւը սպառնացել է սպանել նաեւ տանտիրոջը:
Արդյունքում` տղամարդը մեղադրվել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` «սպանություն», «սպանության սպառնալիք» եւ «հրազենի անօրինական պահում եւ կրում»:
Դատարանի վճռով` Լեւ Խռուլեւը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նրանից նաեւ պետք է գանձվի 50 հազար ռուբլի` որպես բարոյական վնասի հատուցում:



























