Թեհրանի «կարմիր գծերը» կապված են Հայաստանի սահմանների անքակտելիության հետ, այդ հարցում ոչինչ չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա հավելեց, որ Իրանը, որը հայտարարել է այդ «կարմիր գծերի» մասին, ուշադրությունն ու զգոնությունն ուղղել է դեպի տարածաշրջան։
Բեգլարյանը պարզաբանեց, որ Իրանը ցանկանում էր ազդանշանները հասցնել Ադրբեջան, միգուցե, մինչեւ Թուրքիա, եւ այդպես էլ արեց։
«Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ներկայիս ակտիվացումը բնական գործընթաց է, որը չի կարող եւ չպետք է խանգարի հայ-իրանական հարաբերություններին»,- ընդգծեց նա։
Պատգամավորը նշեց Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ակտիվացման կարեւորությունը, որը կախված է Երեւանից եւ Թեհրանից։
«Կարեւոր է օրակարգում պահել Հայաստանի եւ Իրանի համար կարեւորություն ունեցող հարցերը։ Սա վերաբերում է եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական, եւ՛ անվտանգության ոլորտներին»,- հավելեց նա։





























