Իրանը կշարունակի առաջ տանել իր հրթիռային հնարավորությունները որակապես եւ քանակապես ընդլայնելու ծրագրերը, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին, հաղորդում է Tasnim-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չորեքշաբթի ներկայացրել է «Հեյբարշեկան» բալիստիկ հրթիռը, որն ունակ է բարձր ճշգրտությամբ խոցել 1450 կիլոմետր հեռավորությամբ թիրախները։

Հրթիռի շնորհանդեսից հետո մեկնաբանություններում գեներալ-մայոր Բաղերին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի մշտապես բարելավել իր հրթիռային հզորության որակն ու քանակը՝ «ագրեսորներին, համաշխարհային ամբարտավանությանը եւ արյունարբու սիոնիստներին» դիմակայելու համար։

Իրանցիների թշնամիներին «ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի խամաճիկներ» անվանելով՝ գեներալն ասել է, որ Իսլամական Հանրապետության զսպող ուժը, որը վախեցրել է հակառակորդներին, անհրաժեշտ է պահպանել եւ ամրապնդել:

Իրանական մեծ հեռահարության երրորդ սերնդի հրթիռն աշխատում է պինդ վառելիքով եւ կարողանում է վայրէջքի փուլում հաղթահարել մանեւրելու մեծ կարողությամբ հակահրթիռային վահանները։ Հրթիռի փոփոխված դիզայնը հնարավորություն է տվել մեկ երրորդով նվազեցնել դրա քաշը՝ համեմատած նմանատիպ հրթիռների հետ։