ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների գործունեությունը միտված է աջակցել Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը  անդրադառնալով վերջին ամիսներին Հայաստանում իրականացվող դրական տեղաշարժերին, կարեւորվել է  մայիսին հայտարարված համաներումը:

Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  ՀՀ նախագահը տարբեր առիթներով նշել է, որ մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար երկխոսության միջոցով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է:

Անդրադառնալով  2012 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունենալիք  հերթական խորհրդարանական ընտրություններին` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարեւորում են  ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում կարեւորվել է ընտրական նոր օրենսգրքի  ընդունումը, որը  մշակվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, տեղական եւ միջազգային փորձագետների հետ սերտ համագործակցությամբ:

Իր հերթին, Աքսել Ֆիշերը նույնպես կարեւորել է նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Նա անհրաժեշտ է համարել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, քաղաքական ուժերի եւ թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը: