«Մոսկվան հասկացավ, որ Արեւմուտքը միասնական է կոշտ պատժամիջոցներ կիրառելու իր վճռականության մեջ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնում է Reuters-ը։
«Դեռ վաղ է խոսել այն մասին, որ խնդիրները լուծված են։ Դրանք այնքան լուրջ են եւ դեռ որոշ ժամանակ կմնան այդպիսին, ուստի արժանի են մեր ուշադրությանը»,- ասել է Շոլցը՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Շոլցը հավելել է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն համաձայնեցված են գործում հնարավոր պատժամիջոցների հարցում, որոնք նախապատրաստվում են։
Նա կարծում է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման մեջ պետք է կիրառել երկակի ռազմավարություն՝ միաժամանակ համատեղելով Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ Մոսկվայի զսպման քաղաքականությունը։ Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է, որ Ուկրաինա եւ Ռուսաստան իր այցերի ընթացքում մտադիր է աջակցել Էմանուել Մակրոնի դիվանագիտական ջանքերին՝ Մոսկվային ուղարկելով «նույն ազդանշանները», ինչ Ֆրանսիայի նախագահը, փոխանցում է DW-ն։
Բացի այդ, Օլաֆ Շոլցը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերի «առաջընթացի» մասին՝ բացատրելով, որ դա տեսնում է միանգամից մի քանի հարթակներում՝ ԵԱՀԿ-ի, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի, ինչպես նաեւ «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում բանակցություններ վարելու մեջ:
Սպասվում է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը փետրվարի 15-ին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ նախօրեին կայցելի Կիեւ։




























