Ադրբեջանում կրկին հիշել են ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովի «դավաճանության» մասին՝ վերջինիս մեղադրելով ռազմական օպերացիան խափանելու մեջ։
«Հայտնի են դարձել «Չեիլդաղ» օպերացիայի մանրամասները, որը ծրագրվում էր իրականացնել 1993 թվականի դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Աղջաբեդիի ուղղությամբ, սակայն հետաձգվել է մեկ օրով եւ անհաջողությամբ պսակվել։ Ադրբեջանի զինդատախազության հատուկ կարեւորության գործերով նախկին ավագ քննիչ Քյամալ Ալիեւը քրեական գործի քննության մասին տեղեկանք է ուղարկել kriminialqafqaz.az-ին։ Փաստաթղթում Կ.Ալիեւը նշել է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի հրամանով օպերացիան հետաձգվել է մեկ օրով։ Արդյունքում 82 ադրբեջանցի զինծառայողներ հայտնվել են թակարդում, զոհվել կամ անհետ կորել։ Ըստ Կ.Ալիեւի հաղորդման՝ քննության ընթացքում պարզվել է, որ Ն.Սադիկովի գրած զեկույցը կեղծ է։ 1994 թվականին քննիչը Ն.Սադիկովին, Էլբրուս Օրուջեւին, Ալեքսանդր Վասյակին եւ այլոց մեղադրանք է առաջադրել պետական դավաճանության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Քննիչ Կ.Ալիեւը հայտարարել է, որ թեեւ իրեն չի հաջողվել ձերբակալել Ն.Սադիկովին, սակայն այս իրադարձություններից հետո ինքը զրկվել է ՊՆ հատուկ նշանակության ջոկատներից, օպերատիվ, հետախուզական կառույցներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
Manset.az-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Ն.Սադիկովից։
«Ես հիմա շատ զբաղված եմ։ Ես կարդացի այն, ինչ գրված էր իմ մասին։ Հիմա չեմ կարող այդ մասին խոսել։ Կներեք, ինձ մի անհանգստացրեք»,- ասել է նա, գրում է oxu.az-ը։
Նշենք, որ Սադիկովի «դավաճանության» թեմայի մասին պարբերաբար խոսում են։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հետախուզական վարչությունում աշխատելու, իբր ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին տվյալներ փոխանցելու, ինչպես նաեւ թուրք հրահանգիչների հետ կոնֆլիկտի մեջ։





























