2016թ. ապրիլյան թեժացման օրերին որոշակի ուժեր հայտարարեցին, թե հայկական կողմը մեծ կորուստներ ունի, այն դեպքում, երբ մարտական գործողությունների հետեւանքով զոհվել էր 75 զինծառայող։ Այս մասին Ազգային ժողովում, փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրանց բոլորի անունները, ըստ պատգամավորի, հրապարակվել են։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի զոհերի թվի մասին հակասական տվյալներին, Արբահամյանը նշել է, որ դրա պատճառը հասարակության անվստահությունն է գործող իշխանության հանդեպ։ «44-օրյա պատերազմի զոհերի մասին տեղեկությունը չի հստակեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել զոհվածների անունները։ Անհրաժեշտ է հրապարակել բոլոր զոհվածների անունները։ Դա թույլ կտա փակել բոլոր խոսակցություններն այդ ցավոտ թեմայի վերաբերյալ»,- նշել է ընդդիմադիր գործիչը։





























