Բրիտանական կողմը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանի զորքերը եւ ռազմական սարքավորումները, որոնք տեղակայվել են Ուկրաինայի սահմանի մոտ, տեղափոխվեն այլ տեղ։ Մոսկվայից սա է պահանջել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես տեղեկացնում է «Московсий комсомолец»-ը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված իրավիճակում երկու ճանապարհ ունի՝ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ կամ զորքերի ավելացում հարեւան հանրապետության հետ սահմանի մոտ։ Այս մասին նա ասել է Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Ըստ Թրասի՝ բրիտանական կողմը շարունակում է հետեւել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի թվաքանակի ավելացմանը, ինչպես նաեւ հիբրիդային եւ կիբեռպատերազմին, որը վարում է ՌԴ-ն։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հստակ ընտրություն ունի. գնալ դիվանագիտական ճանապարհով՝ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի ապահովվի եվրոպական անվտանգությունը, կամ էլ շարունակել այն ուղին, որը հիմա մենք տեսնում ենք՝ ավելացնել զորքերի թիվը սահմանին, ինչը սպառնալիք է»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։




























