ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է Եվրոպայի համար «վտանգավոր պահի» մասին, քանի որ Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի մոտ եւ համատեղ զորավարժություններ է անցկացնում Բելառուսի հետ, հաղորդում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, որ նամակ է ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով քննարկել զորավարժությունների նկատմամբ թափանցիկությունը, ինչպես նաեւ միջուկային սպառազինության վերահսկողությունը։ «Սա վտանգավոր պահ է եվրոպական անվտանգության համար»,- ասել է Ստոլտենբերգը Ջոնսոնի հետ մամուլի ասուլիսում։
«Ռուսական ուժերի թիվն ավելանում է. Հնարավոր հարձակման նախազգուշացման ժամանակը կրճատվում է»,- հավելել է նա։
«ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, բայց մենք պետք է պատրաստվենք վատագույնին՝ միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով քաղաքական լուծում գտնելուն»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական լուծման միջեւ կամ կբախվի Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներին։
«Ռուսաստանն ունի ընտրություն՝ կամ դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը կամ ընտրել առճակատումը՝ ավելի թանկ գին վճարելով»,- ասել է նա։ «Տնտեսական պատժամիջոցներ կլինեն։ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը դաշինքի արեւելյան հատվածում կավելանա, եւ Մեծ Բրիտանիան իսկապես կարեւոր դեր է խաղում այդ հարցում»,- եզրափակել է Ստոլտենբերգը։





























