Իրանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հարեւանների եւ դաշնակիցների հետ կապերի ամրապնդման եւ տնտեսական դիվանագիտության զարգացման վրա։

Այդ մասին Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ աշխարհի երկրների, հատկապես հարեւանների հետ հարաբերություններում Իրանի մոտեցումը հիմնված է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նկատառումների վրա։

«Մեր մոտեցումը աշխարհի երկրների, հատկապես մեր հարեւանների հետ հարաբերություններում կրում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթ, եւ մենք հաստատուն ենք մեր հավատքի մեջ՝ հույս ունենալով, որ հարեւանների հետ աշխատանքն ավելի շատ փոխադարձ եւ ընդհանուր շահեր կբերի աշխարհի բոլոր երկրներին», - ասել է նա։

Նա հավելել է, որ Իսլամական հեղափոխության «հստակ ուղերձները» դեմ են անկախ պետությունների ներքին գործերին համաշխարհային տերությունների հեգեմոնիային եւ միջամտությանը, պաշտպանում են ճնշվածներին եւ աջակցում անկախությունը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ։

Ռաիսին նշել է, որ դիվանագիտության նոր մոտեցման ձգտման մեջ Իրանը փորձում է նոր գլուխ բացել երկկողմ կամ բազմակողմ համագործակցության ոլորտում, որպեսզի պաշտպանի տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը եւ բավարարի փոխադարձ պահանջները։

Այդ ուղղությամբ կարեւոր քայլերի շարքում նա նշել է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքումը 25 տարի ժամկետով, Ռուսաստանի հետ համանման պակտի ստորագրումը, Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումը:

Զուգահեռաբար Իրանը նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում աֆրիկյան, լատինամերիկյան եւ եվրոպական պետությունների հետ համագործակցության զարգացմանը՝ հավասարակշռված, դինամիկ եւ խելամիտ արտաքին քաղաքականությանը համապատասխան, հավելել Է նա։