Ռուսաստանն ուղիղ մարտահրավեր է նետում ոչ միայն Ուկրաինային, այլեւ մնացած աշխարհին, ներառյալ՝ Ավստրալիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Մելբուրնում, փոխանցում ավստրալիական ABC News հեռուստաալիքը։
Հարցին, թե որ երկիրն է ամենից շատ սպառնալիք ներկայացնում գլոբալ անվտանգությանը՝ Ռուսաստանը, թե Չինաստանը, Բլինքենը պատասխանել է, որ «դրանք բացարձակ տարբեր մարտահրավերներ են»։ «Ռուսաստանն անմիջական մարտահրավեր է նետում ոչ միայն Ուկրաինային․․․այլ որոշ շատ բազային սկզբունքների, որոնք կապ ունեն ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի, այդ թվում Ավստրալիայի անվտանգության հետ»,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք ստեղծում է Չինաստանը, հատկապես՝ Հարավչինական ծովում, այն, ինչ մենք անում ենք, նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահպանումն է։ Խոսքը ոչ միայն կոնկրետ ինչ-որ մեկին դիմակայելու մասին է։ Խոսքը կարգը պահպանելու, սկզբունքների եւ կանոններին հետեւելու մասին է»,- հավելել է նա։




























