«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի անդրանիկ նիստը կկայանա փետրվարի 14-ին, եւ որի շրջանակում կհաստատվի հանձնաժողովի աշխատանքի կարգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են միայն ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։

«Հանձնաժողովի կազմում 11 պատգամավոր կա, բայց այս պահին 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ընդգրկվելու լիիրավ լիազորություններ ունեն 10 անդամները, որովհետեւ պատգամավորներից մեկը գաղտնիության ռեժիմի համապատասխան թույլտվություն չի ստացել, խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի մասին  է, հույս ունենք, որ նա կդիմի համապատասխան մարմիններին եւ կստանա թույլտվություն ու  կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին»,– ասաց Արմեն Խաչատրյանը։

44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձեւավորման մտադրության մասին իշխանությունը հայտարարել էր 2021թ. հուլիսին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց։ Իշխող ուժը ցանկանում էր, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեն նաեւ արտախորհրդարանական ուժերը։ 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ հանձնաժողովի աշխատակարգը հաստատելուց հետո միայն արտախորհրդարանական ուժերի՝ հանձնաժողովում մասնակցության հարցը կքննարկվի։ 

«Հանձնաժողովի աշխատակարգը հաստատելուց անմիջապես հետո կանդրադառնանք նաեւ այդ խնդրին։ Արտախորհրդարանական ուժերի ներգրավվածության վերաբերյալ հարցերը լուծում կստանան»,– վստահեցրեց  Արմեն Խաչատրյանը։ 

Հանձնաժողովը կարող է ձեւավորվել 6-ամսյա ժամեկտով, սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետը կերկարաձգվի եւս 6 ամսով։ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ 6 ամսում այդ ահռելի ծավալի աշխատանքն անհնար է կատարել, եւ ենթադրաբար հանձնաժողովի աշխատանքները կտեւեն մեկ տարի։

Իշխող ուժի պատգամավորի խոսքով՝ հանձնաժողով կհրավիրվեն բոլոր այն անձինք, որոնք անհրաժեշտ տեղեկություն կտրամադրեն 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։

«Հանձնաժողով են հրավիրվելու պաշտոնյաներ, զինվորականներ, չի բացառվում  նաեւ, որ նախկին նախագահները հրավիրվեն։ Բազմաթիվ խնդիրներ կան բանակցային պրոցեսների հետ կապված, պետք է պարզել պատերազմի սկսման պատճառները, ի վերջո այդ մարդիկ ահռելի ինֆորմացիա կրող են եւ մի շարք հանգամանքներ են հայտնի իրենց»,–  հավելեց Արմեն Խաչատրյանը։