Ադրբեջանի ԱԳՆ-ը իրեն հատուկ ոճով խորամանկությամբ խեղաթյուրել է անգամ հայկական կողմի մարդասիրական քայլը։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտարարել էր առաջին պատերազմում զոհվածների 108 աճյունները ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ձեւացրել է, թե առաջին անգամ է լսում այս մասին եւ փորձել է հայկական կողմի մարդասիրական քայլը օգտագործել հակահայկական տրամադրություններ բորբոքելու համար։
Այսպես, գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է. «Հետաքրքիր է, թե ինչու է Հայաստանը սպասել 30 տարի, որպեսզի տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների մասին։ Թեեւ Հայաստանի կառավարությունն այս առնչությամբ դեռեւս որեւէ հայտարարություն չի արել, սակայն 30 տարի անց անհետ կորած հազարավոր ադրբեջանցիներից միայն 108-ի աճյունների տեղափոխման պատճառների թվում է, իհարկե, ազատագրված տարածքներում ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների հայտնաբերումը եւ այդ փաստերի հրապարակումը միջազգային հանրության համար»։ Մամուլի ծառայության ղեկավարի խոսքով, 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը, առանց որեւէ պատասխան պայմանների, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, Հայաստանին է հանձնել ավելի քան 1700 հայ զինծառայողների աճյուններ։ «Անհետ կորածների հարցը առաջնային է Ադրբեջանի համար, եւ մենք թույլ չենք տա Հայաստանին, որն անմիջական պատասխանատվություն է կրում զանգվածային գերեզմանների հայտնաբերման համար, եւս 30 տարի լռել ավելի քան 3700 մարդու ճակատագրի մասին»,- ասել է Աբդուլաեւան։
ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը ոչ միայն խեղաթյուրում է հայկական կողմի մարդասիրական քայլը, այլեւ առնվազն ստում է։ Հենց ադրբեջանական կողմն է այս տարիների ընթացքում հրաժարվել համագործակցել գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովների հետ, հենց ադրբեջանական կողմն է կտրականապես հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովի հետ որեւէ շփումից, իսկ գերեզմանները հենց ԼՂՀ տարածքում են, հենց ադրբեջանական կողմն է հրաժարվել որեւէ տեղեկություն տալ առաջին պատերազմի հետեւանքով Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից անհետ կորած համարվող մոտ հազար հայերի հուղարկավորության մասին։
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն այս տարիների ընթացքում շահարկում է տվյալները՝ քաղաքական պատճառներով անհետ կորածների վերաբերյալ ԱՀ պետական հանձնաժողովի տարբեր տարիների տվյալները տատանվել են՝ հասնելով մինչեւ 5000-ի։





























