Ֆրանսիան առնվազն վեց նոր միջուկային ռեակտոր կկառուցի առաջիկա տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, նոր էլեկտրակայանները կկառուցվեն պետության կողմից վերահսկվող EDF էներգիայի մատակարարի կողմից, տասնյակ միլիարդավոր եվրոյի պետական ֆինանսավորում կմոբիլիզացվի նախագծերը ֆինանսավորելու եւ EDF-ի ֆինանսները պաշտպանելու համար:
Խոստանալով արագացնել արեւային եւ ծովային հողմային էներգիայի զարգացումը Ֆրանսիայում՝ Մակրոնը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է երկարացնել հին ատոմակայանների կյանքը՝ 40 տարուց հասցնելով 50 տարվա՝ պայմանով, որ դա անվտանգ լինի։
«Մեր բախտը Ֆրանսիայում բերել է, որ կարող ենք հույս դնել հզոր միջուկային արդյունաբերության վրա, որը հարուստ է «նոու-հաու»-ով եւ հարյուր հազարավոր աշխատատեղերով»,- ասել է Մակրոնը՝ արեւելյան արդյունաբերական Բելֆոր քաղաքում ներկայացնելով իր միջուկային նոր ռազմավարությունը:
Մակրոնի մտածելակերպը ձեւավորվել է առաջիկա երեք տասնամյակների ընթացքում ածխածնային չեզոքության հասնելու ԵՄ հավակնոտ ծրագրերի ֆոնին, որոնք կրկին ուշադրությունը կենտրոնացրել են էներգիայի այն ձեւերի վրա, որոնք ավելի քիչ կամ զրոյական ջերմոցային գազեր են արտանետում, քան հանածո վառելիքները, ներառյալ միջուկայինը:
Մակրոնի խոսքով՝ առաջին նոր սերնդի EPR ռեակտորը կգործարկվի մինչեւ 2035 թվականը։ Նա հայտնել է, որ պետությունը պատասխանատվություն կկրի EDF-ի ֆինանսների եւ կարճաժամկետ ու միջնաժամկետ ֆինանսական հնարավորությունների ապահովման համար։




























