Փետրվարի 9-ին ժամը 20-ին  վրացական «Իմեդի» իշխանամետ հեռուստաալիքը, որը պետության մեջ առաջիններից մեկն է իր լսարանի մեծությամբ, իր ռեպորտաժներից մեկում անդրադարձել է մածունի շուրջ առաջացած իրավիճակին. դիտելիս այդ սյուժեն, նկատեցի, որ շիշը, որը ներկայացված էր իբրև մածուն, ընդհանրապես մածունի շիշ չէր ոչ հայկական, ոչ վրացական, նախ շշի վրա սխալ էր գրված մածուն բառը, հետո ես նկատեցի, որ շշի վրա նաև հայերեն գրառում կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վրաստանի հայ համայնքի  հարթակի ղեկավար  Գիորգի  Թումասյանը՝ անդրադառնալով մեծ սկանդալի պատճառ դարձած ռեպորտաժին:

Հիշեցնենք, որ «Իմեդի» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է»։

Գիորգի Թումասյանի խոսքով, ռեպորտաժը քննարկում էր հարցը, թե մածունը կամ մածոնին ո՞ւմն է, հայերինը, թե վրացիներինը. «Ռեպորտաժի անվանումն արդեն էթնիկ կոնֆրոնտացիոն խնդիր ստեղծող երանգ ուներ. «Վրացական մածոնին մածունի դեմ»: Ներկայացվում էր, թե հայերը գողացել են վրացական մածոնին:

Այս կոնտեքստը նոր չէ վրաց հասարակության համար, տարիների ընթացքում տարբեր հարցերի շուրջ տարբեր նարատիվներ են ստեղծվում, ըստ որի հայ ազգը գրեթե ամեն ինչ գողացել է կամ գողանում է վրացական մշակույթից: Այս մտածողությունն այնքան է վրացական մտածելակերպի մաս դարձել, որ նույնիսկ չի քննարկվում, թե որն է իրականությունը:

Օրինակ, երբեք որևէ մեկը չի ասել, թե Շոթա Ռուսթավելին հայկական ծագում ունի, բայց վրաց հասարակության մեջ այնքան է դա տարածվել, որ հասարակության մեջ մասը համոզված է, որ հայերը նման բան են պնդում:  Կամ հայկական պարի խումբը վրացական պար է պարել, իրենց մոտ տարածվում է, որ հայերը իրենց պարը գողացել են: Ցավոք, Վրաստանում արմենոֆոբիայի մակարդակը շատ բարձր է: Նույնիսկ շատ վրացի փորձագետներ ասում են, որ այդ արմենոֆոբիան վրացական անտիսեմիտիզմն է:

Ամեն տարի նման դեպքեր ստեղծելով զարգանում է հակահայկական մթնոլորտը Վրաստանում: Դա գալիս է նրանից, որ մեդիան առանց հարցն ուսումնասիրելու միակողմանի կերպով այն մերկայացնում է էթնոնացիոնալիստական ֆոնի ներքո»,-ասաց նա:

Գիորգի Թումասյանը նկատեց, որ «Իմեդիի» ռեպորտաժը  կարելի է համարել իշխանական մոտեցում. «Հատկապես հայերեն գրառումը շշի վրա, դա իմ կարծիքով իշխանամետ հեռուստաընկերության կողմից ազդակ է, որը ես չգիտեմ, թե ինչ նպատակներ ունի: Սակայն ես չեմ զարմանում նման ազդակներից, որովհետև մենք տեսել ենք տարբեր ազդակներ:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները 2020-ի նոյեմբերի 10-ին, որը հայերի համար սարսափելի օր էր, Վրաստանն այդ օրը առաջին անգամ նշեց Ադրբեջանի դրոշի տոնը: Ամբողջ քաղաքը ադրբեջանական դրոշներ էին: Երբեք վրաց հասարակությունն Արցախի հարցում չի ունեցել կոնկրետ պատասխան, որովհետև չի խառնվել, չեզոք դիրք է պահել, բայց 2020-ի նոյեմբերի 10-ին չեզոքությունը խախտվեց:

Մենք նման խնդիր ունեցել ենք նաև «Ֆորմուլա» հեռուստաընկերության  դեպքում, երբ այդ հեռուստաընկերությունը խեղաթյուրել էր Հռոմի պապի խոսքը՝ ներկայացնելով, թե իբր Հռոմի պապը հակահայկական, ադրբեջանամետ ուղղությամբ է գնահատում Արցախում պատերազմը և հայերը սպառնալիք են ներկայացնում: Հռոմի պապը նման բան չէր ասել: Այն ժամանակ էլ ասացին, որ դա տեխնիկական սխալ , բայց ինչպե՞ս է հնարավոր տեխնիկական սխալի հետևանքով ամբողջությամբ ձևափոխել մարդու ոչ միայն բառերը, այլ բովանդակությունն ամբողջությամբ:

Կամ ո՞նց կարող էր տեխնիկական սխալի հետևանքով մածունի շշի վրա հայտնվեր հայերենով գրառում շատ բացահայտ ուղղվածության»,-հայտարարեց Վրաստանի հայ համայնքի  հարթակի ղեկավարը:

Նա նաև անընդունելի համարեց, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը և ՀՀ ԱԳՆ խոսնակը անմիջապես տարածեցին «Իմեդիի» հայտարարությունը, որ տեխնիկական սխալ է է եղել, և կարծում են՝ պետք է հարցը դրանով փակվի:

«Ես կարծում եմ, որ սա սխալ, նույնիսկ դավաճանական մոտեցում է, որովհետև սա ոչ տեխնիկական սխալ է, ոչ էլ լուծում է այն հարցը, որ Վրաստանում շարունակաբար տարածվում է հակահայկական մթնոլորտ: Մենք տարիներ շարունակ փորձել են Հայաստանի իշխանություններին հասցնել Վրաստանում տիրող այդ մթնոլորտի մասին, ցավոք ՀՀ իշխանությունները, այդ թվում Վրաստանում ՀՀ դեսպանությունը իմանալով, թե ինչ խնդիրներ կան Վրաստանում, որևէ քայլ չեն անում այդ հարցը լուծելու ուղղությամբ: Սա լուրջ սպառնալիք է ինչպես Վրաստանի հայության համար, այդ թվում ջավախահայության համար, այնպես էլ սպառնալիք է հայ-վրացական հարաբերությունների ապագայի համար: Ստեղծելով այսպիսի դաշտ, որտեղ մեծ ատելություն կա վրաց հասարակությունում հայերի դեմ, ես կարծում եմ՝ մեծ է սպառնալիքը հայ-վրացական կոնֆլիկտ ստեղծելու ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի միջև: Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր շրջափակված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և խնդիրներ ունենք Իրան տանող ճանապարհին, Վրաստանը, կարելի է ասել, միակ պետությունն է, որի հետ պետք է լավ հարաբերություններ զարգացնենք:

Այս իրավիճակում Վրաստանում կան ուժեր, որոնք հնարավոր է աջակցություն են ստանում ինչպես Բաքվի կողմից, այնպես էլ, Մոսկվայի կողմից, որ ստեղծվի հայ-վրացական ավելի մեծ լարում և դրանով Հայաստանն ավելի կախված դառնա օտար ուժերից և չկարողանա այս տարածաշրջանում ունենալ գոնե մեկ հարևան, որի հետ ունի նորմալ հարաբերություններ:

Այս հարցը լուծել է պետք, իսկ դեսպանության հայտարարությունը, որ ներողություն են խնդրել, տեխնիկական հարց է, ոչ թե լուծում է այս մեծ հարցը, այլ ուղղակի փակում ու պահում է խնդիրը: Հայաստանի պետական տարբեր կառույցները փորձում են թաքցնել ու պահել այս խնդիրը, որն արդեն հնարավոր էլ չի թաքցնել»,-ընդգծեց Թումասյանը: