Ղազախստանը հունվարին երկրի ներսում եւ դրսից ապակառուցողական ուժերի աջակցությամբ ահաբեկչական ագրեսիայի հետ բախվեց: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի առաջնորդը տեղի ունեցած իրադարձություններն անվանել է «աննախադեպ մարտահրավեր երկրի ինքնիշխանությանը, ամբողջականությանը եւ կայունությանը»:
«Ըստ էության, Ղազախստանը բախվեց ահաբեկչական ագրեսիայի գործողության հետ, որը կատարվեց ներքին եւ արտաքին ապակառուցողական ուժերի անմիջական մասնակցությամբ», - ընդգծել Է Պուտինը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն ամեն ինչ կանի Ղազախստանի նախագահին աջակցելու համար։ Ռուսաստանն այսուհետ նաեւ օգնություն կցուցաբերի Ղազախստանին ռազմական մասնագետների պատրաստման հարցում, այդ թվում՝ ՊՆ բուհերում։
«Իհարկե, բանակցություններում խոսք է գնացել նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա ամրապնդման մասին։ Ռուսաստանը կշարունակի օգնել Ղազախստանին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության եւ ուժային այլ գերատեսչությունների բուհերում ռազմական մասնագետներ պատրաստելու հարցում», - հայտնել Է նա։




























