ՆԱՏՕ-ն կքննարկի առաջիկա ամիսներին Հարավարեւելյան Եվրոպայում երկարաժամկետ  ներկայության հնարավորությունը: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Միխայիլ Կոգելնիչանու ռազմակայանում։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր արեւելյան թեւը», - ասել է Սթոլթենբերգը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի գործողությունները «պաշտպանական բնույթ են կրում»:

Նրա խոսքով՝ Ռումինիայում ամերիկյան զորքերի ներկայությունը վկայում է Եվրոպայի անվտանգությանն ուղղված Միացյալ Նահանգների հանձնառության մասին:

«Արևելյան թեւի երկայնքով՝ Սեւ  ծովից մինչեւ Մերձբալթիկա, ՆԱՏՕ-ի դաշնակիցները լրացուցիչ ուժեր եւ  տեխնիկա են ուղարկել։ Դա անհրաժեշտ պաշտպանական պատասխան է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացմանը», - ասել է նա։

Ռումինիայում ամերիկացի զինվորների ընդհանուր թիվը կազմում է մոտ 2000 մարդ։

«Դաշնակիցներն աջակցում են ՆԱՏՕ-ի երկրներին այդ կրիտիկական ժամանակներում ։ Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն, որպեսզի քննարկեն, թե ինչպես մենք կարող ենք ուժեղացնել մեր ներկայությունը արեւելյան թեւում, այդ թվում ՝  նոր մարտական խմբերի օգնությամբ», - հայտնել Է Սթոլթենբերգը։