ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը կիրառել «Մեդիաների մասին» նոր օրենքը ԵԱՀԿ չափանիշներին եւ միջազգային պարտավորություններին համապատասխան: Այս մասին ասված է «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան՝ նախօրեին նախագահ Ալիեւի ստորագրած «Մեդիաների մասին» օրենքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան գնահատման մեջ։

ԱՄՆ դեսպանատան պաշտոնական ներկայացուցչի պատասխանում ասվում է․

«Մենք մտահոգված ենք, որ մեդիաների մասին նոր օրենքն ընդունվել եւ ստորագրվել է առանց անկախ լրագրողների, լրատվամիջոցների փորձագետների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կարծիքը հաշվի առնելու: Մենք շարունակում ենք ուսումնասիրել նախագահ Ալիեւի ստորագրած օրենքը եւ անհամբերությամբ սպասում ենք այդ եւ այլ փորձագետների կողմից օրենքի վերլուծությանը։

Մենք կոչ ենք անում կառավարությանը կիրառել նոր օրենքը՝ ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան»։

Փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է «Մեդիաների մասին» օրենքը, որն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին: Երկրի ղեկավարը նաեւ հրամանագիր է ստորագրել օրենքի կիրառման եւ դրանից բխող մի շարք հարցերի կարգավորման մասին: Խորհրդարանի կողմից օրենքն ընդունվելուց հետո Պետդեպարտամենտը կոչ է արել նախագահ Ալիեւին չստորագրել այն ներկայիս տեսքով։