Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ հառուկ քննչական ծառայությունից: Թամամյանի  կալանքի ընթացիկ ժամկետը պետք է լրանար հուլիսի 24-ին: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: