Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ուղեւորվել Ուկրաինա Ռուսաստանի հետ սահմանին լարվածության աճի պատճառով: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշում է կայացվել փետրվարի 13-ից Ուկրաինայի ամբողջ տարածքի նկատմամբ սահմանել ուղեւորությունների վտանգի մասին նախազգուշացման չորրորդ աստիճը (ուղեւորությունների արգելք)»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Կորեայի ԱԳՆ-ում նաեւ կոչ են արել Ուկրաինայի տարածքում գտնվող հայրենակիցներին անհապաղ վերադառնալ հայրենիք կամ մեկնել այլ անվտանգ երկրների եւ վերանայել հետագա ուղեւորությունների իրենց ծրագրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիեւում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլը կոչ է արել հայրենակիցներին հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում տարհանմանը, այլ անվտանգության սպառնալիքի պատճառով երկիրը լքելու ինքնակամ ընտրության մասին է: Իրենց հայրենակիցներին համապատասխան կոչ են ուղղել նաեւ Ճապոնիայի իշխանությունները:




























