«Եթե մենք նախկինում երկխոսության նման հարթակ ունենայինք, ապա 2008-ի մարտի 1-ի դեպքերը չէին լինի»,- այս մասին այսօր` հուլիսի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով նույնպես ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ է:

Հարցին, թե կողմերից ո՞ր մեկն է ավելի շուտ խելքի եկել եւ գիտակցել երկխոսության անհրաժեշտությունը, Մինասյաը պատասխանել է. «Բոլորս ենք խելքի եկել եւ հասարակությունն էլ մեզ հետ: Մենք բոլորս հասունացել ենք երկխոսության համար: Իմաստությունը փորձի հետ է գալիս»:

Մինասյանի ներկայցմամբ, իշխանություան եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսությունը նոր մշակույթ է եւ կողմերը պետք է անեն ամեն հնարավորը, որ այդ մշակույթը կայանա: «Առաջինը, որ կցանկանայի նշել, մեր գործընկերների քայլ անելու պատրաստակամությունն է, որպեսզի այդ մշակույթը կայանա ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Եթե հաջողվի պահպանել երկխոսության դրական մթնոլորտը, որը կար առաջին հանդիպման ժամանակ, բանակցությունների արդյունքները դրական կլինեն»,- նշել է նա:

Ի պատասխան հարցի, թե հասարակությունն ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալի այդ երկխոսությունից, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Որպեսզի հասկանանք, թե որն է լավագույն տարբերակը հասարակության համար, անհրաժեշտ է համեմատել վատագույն տարբերակի հետ, որը տեղի է ունենում այլ երկրներում, որտեղ կան լուրջ առճկատումներ, անհանդուրժողականություն
իշխանությունների ու ընդդիմության միջեւ: Ակնհայտ է մի բան. ոչ ոչ չի կարող երաշխավորել, որ սկսված գործընթացը անպայման կպսակվի հաջողությամբ: Կարելի է ասել միայն, որ կողմերը պետք է անել ամեն հնարավորը` երկխոսությունը իրականացնելու համար»: