Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ադրբեջանի էթնոազգային քաղաքականությունը եւ ազգային փոքրամասնությունների արձագանքը» գրքի շնորհանդեսը։ Հեղինակ՝ պատմական գիտությունների դոկտոր, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան:
Սա ուսումնասիրության առաջին մասն է, այն նվիրված է քրդերին եւ թաթերին։ Երկրորդ մասը նվիրված կլինի լեզգիններին, ավարներին եւ թալիշներին։ Թեմաների բաժանումը կապված է փոքր ժողովուրդների՝ ձուլմանը տարբեր մոտեցումների հետ։ Օրինակ՝ քրդերն ու թաթերը ձուլվեցին, բայց դրա դիմաց բարձր պաշտոններ ունեցան։ Լեզգինները, ավարներն ու թալիշները գերադասեցին պահպանել իրենց ինքնությունը։ Գիրքը հետաքրքրություն է ներկայացնում ինչպես մասնագետների, այնպես էլ սովորական ընթերցողի համար:
Առաջիկայում լույս կտեսնի նաեւ Դավիթ Բաբայանի՝ Արցախի ջրային անվտանգությանը նվիրված մենագրության երրորդ հրատարակությունը։ Առաջին երկուսը թվագրված են 2007 եւ 2018 թվականներով: Երրորդ հրատարակությունը ներառում է 2020 թվականի պատերազմից հետո իրավիճակի փոփոխության եւ Քարվաճառի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու հետ կապված հարցեր, որն առանցքային նշանակություն ունի ջրային անվտանգության տեսանկյունից, քանի որ Արցախի գետերի ավելի քան 90 տոկոսը սկիզբ է առնում հենց այդ տարածքից։ .





























