Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը զարմացած է Գիտպետկոմի՝ իրենց հիմնարկությունում ստուգումներ անցկացնելուց հետո «ֆինանսական խոշոր խախտումների» հայտնաբերման մասին հայտարարությունից: Այս մասին Հայկ Հարությունյանը հայտարարեց հուլիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փաստելով, որ ֆինանասական բնույթի ոչ մի խախտում էլ իրենց մոտ իրականում չի եղել։

Հիշեցնենք, որ 2010թվականի դեկտեմբերին հայ-ֆրանսիական համագործակցության համար Գիտպետկոմի կողմից աստղադիտարանի հաշվին փոխանցված գումարից աստղադիտարանը տարվա սկզբում վճարել էր էլեկտրականության պարտքի դիմաց եւ աշխատակիցներին աշխատավարձ բաժանել: Մինչդեռ այս վճարումները պետք է կատարվեն պետբյուջեից աստղադիտարանին հատկացված գումարներից, որոնք, սակայն, Հարությունյանի խոսքով, իրենց բավական մեծ ուշացումներով են հասնում։

«Ըստ Գիտպետկոմի հայտարարության՝ հայ-ֆրանսիական համագործակցության համար ստացած գումարներից նպատակային ծախսել ենք ընդամենը 1 մլն-ը, իսկ 5 մլն-ը ծախսել ենք ոչ նպատակային։ Մինչդեռ իրականացված ստուգումների ժամանակ մենք արդեն իսկ ծախսված գումարի տեղը պետբյուջեի հատկացումներից գումար էինք դրել եւ վերականգնել բացը»,- բացատրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը ՝ միաժամանակ ավելացնելով, որ թեպետ իրենց եւ Գիտպետկոմի միչեւ տարաձայնություններ չկան, սակայն ինքը կասկածում է, որ նմանօրինակ անհիմն մեղադրանքները աստղադիտարանի հանդեպ որոշակի տրամադրություների արտահայտություն են։

Հայկ Հարությունյանը պետության կողմից Բյուրականի աստղադիտարանին հանդեպ վերաբերմունքը գնահատեց որպես «անտարբեր բարյացկամություն»: «Եթե պատկան մարմինները գտնում են, որ մենք որեւէ արժեք չենք ներկայացնում, թող այդպես էլ ասեն։ Ստուգումներ ժամանակ միշտ զարմանում են՝ ցածր աշխատավարձերի պարագայում ինչո՞ւ են մեզ մոտ աշխատող մարդիկ շարունակում մնալ աստղադիտարանում։ Դա նրանից է, որ նրանք ուղղակի շատ են սիրում իրենց գործը»,- ամփոփեց նա։

Նշենք, որ Գիտպետկոմը հունիսի 28-ից Բյուրականի աստղադիտարանում անցկացրած ստուգումներից հետո հայտարարել էր, թե ի դեմս վերոնշյալ խնդրի, այնտեղ ֆինանսական լուրջ խախատումներ է հայտնաբերել։