Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, այսօրվա դրությամբ, աշխատում է 86 մարդ. վերջին տարիներին կրճատվել է այդ հիմնարկության աշխատակիցների ընդհանուր թվի շուրջ 5 տոկոսը։ Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին  հայտարարեց այդ կառույցի տնօրեն Հայկ Հարությունյանը։

Նրա տեղեկացմամբ, աստղադիտարանի աշխատակիցների միջին  աշխատավարձը 36 հազար դրամ է, անձամբ իրենը՝ 58 հազար դրամ: (Սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը կարեւորում է գիտելիքահենք տնտեսությունը):

«Ինչ վերաբերում է աշխատակիցների միջին տարիքին, ապա մեզ մոտ դա 50 տարեկանն է։ Իհարկե, աշխատում են նաեւ 80-ին մոտ եւ անց գիտնականներ, սակայն նրանց կողքին կան մինչեւ 33 տարեկան 10-12 երիտասարդ գիտաշխատողներ եւս։ Իսպառ բացակայում են 33-50 տարեկան մասնագետները»,- նշեց Հարությունյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ աստղադիտարանից կադրային արտահոսք վերջին տարիներին չի նկատվում, քանի որ գիտաշխատողներն ընդգրկված են միջազգային մի շարք ծրարգրերում, վարձատրվում են, ինչը ոգեւորում է նրանց եւ թույլ տալիս մնալ հայրենիքում։ «Գիտաշխատողների արտահոսք նկատվում էր հատկապես 90-ական թվականներին»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով պետական հոգածության եւ Բյուրականի աստղադիտարանի հանդեպ պատկան մարմինների վերաբերմունքին՝ ասուլիսին ներկա մյուս բանախոս, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը նկատեց, որ պետական ֆինանսավորում ստացող 114 հիմարկությունների թվում իրենց ոչ մի գրանտ այս տարի բաժին չի հասել, մինչդեռ միջազգային «Անսեֆ» հիմնադրամի 25 գրանտներից Բյուրականի աստղադիտարանն այս տարի ստացել է 4-ը, հայ-ֆրանսիական 10 դրամաշնորհներից՝ 3-ը։ «Ստացվում է, որ պետական ոչ մի դրամաշնորհ չստանալը գնահատական է մեզ, կարծես մեզ մոտ լավ աշխատողներ եւ աշխատանքներ չկան»,- ամփոփեց Միքայելյանը։