Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ պատրաստ չէ հաստատել հետախուզական ծառայությունների տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ծրագրում է ռազմական ներխուժում Ուկրաինա, սակայն Միացյալ Նահանգները կփորձի օգնել՝ կանխելու ցանկացած հանկարծակի հարձակում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մենք ի վիճակի չենք ճշգրիտ կանխատեսել [ներխուժման] օրը, բայց մենք արդեն որոշ ժամանակ է՝ ասում ենք, որ եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լուրջ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած օր, ներառյալ Օլիմպիական խաղերի եզրափակիչ շաբաթը»,- ասել է Սալիվանը CNN-ի «Երկրի դրության մասին» հաղորդաշարի եթերում։     

«Ռուսաստանի իշխանություններն ուժեր են կուտակում, մանրեւներ են իրականացնում, եւ դրանից ակնհայտ է դառանում, որ մոտ ժամանակներս խոշոր ռազմական գործողությունների հավանականություն կա»,- ասել է Սալիվանը։

Այդ կապակցությամբ Բայդենի վարչակազմը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել երկիրը՝ ներխուժման սպառնալիքի պատճառով։

«Եթե դուք ամերիկացիներ եք Ուկրաինայում, ապա պետք է հեռանաք այդտեղից»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին Fox News-ի եթերում:

Ջեյք Սալիվանը չի մանրամասնել Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողությունները, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն կիսվել է իր հետախուզական տվյալներով Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Նա զգուշացրել է, որ ռուսական ներխուժումը կհանգեցնի մարդկային ծանր տառապանքների երկու կողմերում։

«Ռուսական ներխուժումը կսկսվի հրթիռային եւ ռումբային հարվածներով, որոնց կհաջորդեն  ցամաքային զորքերի հարձակումն Ուկրաինայի սահմանով»,- շարունակել է Սալիվանը:

«Անմեղ քաղաքացիները կարող են հայտնվել կրակի տակ կամ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղից չեն կարող դուրս գալ»,- հավելել է նա։

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հրապարակել են մի շարք հետախուզական զեկույցներ, որոնցում մանրամասն նկարագրված են Ռուսաստանի ենթադրյալ գործողությունները։ Սա քննադատության առիթ է հանդիսացել Ուկրաինայում, որտեղ մտավախություն ունեն, որ նման տվյալների հրապարակումը կարող է խուճապ առաջացնել։   

«Մենք չենք ներկայացնում այդ տվյալները՝ պատերազմ սկսելու համար, ինչպես եղավ նախկինում։ Մենք այս տվյալները ներկայացնում ենք պատերազմը կանխելու համար»,- ասել է Սալիվանը։