Հայաստանի իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե իբր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի օգնությամբ հնարավոր է իսկապես որեւէ հանգամանք բացահայտել, սակայն ընդդիմությունը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում դրանում։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, եթե իշխանություններն իսկապես ցանկություն ու կամք ունենային, այն անպայման կդիմեր իրավապահների օգնությանը։
«Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են հետաքննությամբ։ Կա մի շատ կարեւոր հանգամանք, որը գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ ամեն կերպ փորձում են քողարկել։ Խոսքը, մասնավորապես, օբյեկտիվության մասին է։ Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքների հիմնական պատասխանատուն ու մեղավորը գործող իշխանությունն է։ Բայց հիմա նույն իշխանությունը քննչական հանձնաժողով է կազմում ու ասում․ «Եկեք որոշենք մեր պատասխանատվության կամ մեղքի աստիճանը»։ Երբ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին սա նկատի ունեմ։ Գործող իշխանության հիմնական նպատակը 44-օրյա պատերազմի էջը փակելն է՝ նախապես մեղավորներ ու պատասխանատուներ նշանակելով։ Այնպես որ, եթե հանրությունը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ եւ գործող իշխանության վերահսկողությամբ հնարավոր է ապահովել 44-օրյա պատերազմի հանգամանքների օբյեկտիվ քննարկում ու քննություն, ապա պետք է ասեմ, որ դա անհնար է»,- պարզաբանեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննչական հանձնաժողովի առաջին նիստը։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ ի դեմս «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների, եկել են հանձնաժողովի նիստին, սակայն շուտով լքել են դահլիճը՝ ըստ էության, բոյկոտելով դրա աշխատանքը։
Ավելի վաղ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվել էին մասնակցել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։ Ընդդիմադիր դաշինքների խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկրի իշխանությունները չեն կարողանա օբյեկտիվորեն հետաքննել իրենց իսկ գործողությունները, թույլ տված սխալներն ու ոչ ճիշտ հաշվարկները։





























