ԵՄ-ն մի քանի պատասխաններ է պատրաստում Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի հետագա ցանկացած քայլին, սակայն Բրյուսելը հստակ չգիտի, թե ինչ է նախատեսում անել Մոսկվան, ասել է ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները «շատ բանի չեն հասել, բայց նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը դեռ բաց է Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների միջոցով:

Պաշտոնյան անանուն մնալու պայմանով ասել է, որ որքան խիստ լինեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ռազմական ներխուժման դեպքում, այնքան ավելի ուժեղ հարված կլինի ԵՄ-ին, եթե Մոսկվան պատասխան տա։

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի գազի 40%-ը գալիս է Ռուսաստանից, եւ որ դաշինքը բանակցություններ է վարում, մասնավորապես, Նորվեգիայի ու Կատարի հետ, անհրաժեշտության դեպքում էներգիայի մատակարարումներն ավելացնելու համար։

Պաշտոնյան նաեւ ասել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է, թե որքան արագ Ռուսաստանը կարող է փոխել էներգակիրների իր մատակարարումները դեպի Չինաստան, եթե կրճատի վաճառքը Եվրոպային:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է նաեւ փախստականների ժամանմանը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։

Աղբյուրը նշում է, որ ԵՄ-ն սպասում է Ուկրաինային հետագա մակրոտնտեսական աջակցության վերաբերյալ որոշմանը։

ԵՄ-ում ոմանք ցանկանում են կոշտ պատժամիջոցներ սահմանել, որպեսզի խոչընդոտեն ռուսական ցանկացած հարձակման, բայց ոմանք հայտարարել են, որ դա կհանգեցնի լարվածության սրման, եւ ԵՄ-ն պետք է ավելի ուշ արձագանքի, եթե դա անհրաժեշտ լինի, ասել է պաշտոնյան: