Իրանը ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին թույլ չի տա մուտք գործել այդ երկրի տարածք։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հայտնում է իրանական Press TV-ն։

Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի նշանակումն Իրանի համար քաղաքական եւ ապօրինի քայլ է, եւ Իսլամական Հանրապետոթյունը ոչ մի պարագայում թույլ չի տա նրան մուտք գործել այդ երկիր։

«Ցավոք, մարդու իրավունքների մասին հարցը արեւմտյան մի քանի երկրների ձեռքին քաղաքական գործիք է։ Այդ երկրներն իրենք լուրջ խնդիրներ ունեն այդ ոլորտում եւ մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների մեջ»,- ավելացրել է նա։

Նշենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հունիսի 17-ին Մալդիվյան կղզիների նախկին արտգործնախարար Ահմեդ Շահիդին նշանակել է Իրանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող՝ Թեհրանին կոչ անելով համագործակցել նրա հետ եւ նրան երկիր մուտք գործելու հնարավորություն տալ։

Իրանական պատվիրակությունը վճռականորեն մերժել էր այդ որոշումը։