«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանրության առջեւ իր դռները կբացի օգոստոսի 14-ին։ Այս մասին հուլիսի 21-ին կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Նրա խոսքով՝ նման կենտրոն գոյություն չունի ոչ մի երկրում, սա աշխարհում իրականացվող նորարարություններին եւ տեխնոլոգիաներին ծանոթանալու  բացառիկ հնարավորություն է։

Մ. Փափազյանի խոսքով՝ կենտրոնը գործելու է անվճար, սկզբնական ծրագիրը նախատեսված է 12-18տ. պատանիների համար, ովքեր հնարավորություն կունենան ընտրել «Թումո»-ի կրթական ծրագրով առաջարկվող չորս հեռանկարային ոլորտներից մեկը՝  թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա եւ կայքերի մշակում։

Մ. Փափազյանի տեղեկացմամբ, մեկ տարի հետո արդեն առաջադեմ աշակերտները հնարավորություն կունենան բարձրանալ կենտրոնի երկրորդ հարկ, որտեղ կունենան իրենց անձնական գրասենյակներն ու համատեղ խմբային աշխատանքներ կիրականացնեն: Կրթության եւ գիտության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն՝ մայրաքաղաքի ու մարզերի դպրոցները կկարողանան առավոտյան ժամերին այցելել «Թումո» եւ այդտեղ անցկացնել իրենց ինֆորմատիկա առարկայի դասերը։

Կենտրոնն անվճար է եւ բաց է լինելու բոլոր հետաքրքրվողների, այդ թվում` մեծահասակների համար: Նույնիսկ գիտնականները կկարողանան կիրառել կենտրոնում գործող տեխնիկական միջոցները:

Նշենք, որ կենտրոնի բացման արարողությունը  կտեւի երեք օր, սկսած օգոստոսի 12-ից։ Կլինեն երիտասարդական մեծ երեկույթներ՝ «Ռեինկարնացիա»,  «Դորիանս» խմբերի մասնակցությամբ, իսկ օգոստոսի 14-ին բացօթյա հանրային համերգով հանդես կգա ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը` Հայաստանի ավելի քան 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ:

Տեղեկացնենք, որ կենտրոնի ստեղծման աշխատանքների վրա 2000թ.-ից մինչեւ 2010թ.-ը ծախսվել է 43,5 մլն դոլար, իսկ 2010թ. դեկտեմբերից առաջիկա երեք տարիների ծրագրի համար նախատեսում է ծախսել եւս 6,6 մլն դոլար։ Ըստ Մ. Փափազյանի` կառավարությունը կենտրոնին 3 տարով ազատել է հարկերից։