NASA-ն մտավախություններ ունի, որ SpaceX-ի՝ Starlink Gen2-ի արձակման պլանը կարող է վտանգի ենթարկել տիեզերագնացներին, ինչպես նաև Երկրի վրա գտնվող մարդկանց, գրում է BGR-ը։

NASA-ի հինգ էջանոց նամակը Դաշնային հանձնաժողով է ուղարկվել 2022 թվականի փետրվարի 8-ին։

SpaceX-ը կիսվել է այս տարվա սկզբին երկրորդ սերնդի Starlink արբանյակների արձակման նոր ծրագրերով: Նոր պլանի համաձայն՝ SpaceX տիեզերանավն ուղեծիր կհասցնի երկրորդ սերնդի համար անհրաժեշտ 30000 արբանյակները: Դատելով նամակից՝ NASA-ն, կարծես, դեմ է դրան՝ պատճառաբանելով հնարավոր ռիսկերն իր ներկայիս առաքելությունների եւ նույնիսկ մարդկային կյանքի համար:

Գլխավոր խնդիրներից մեկը, ինչպես նշված է նամակում, գերբեռնվածությունն է ցածր մերձերկրային ուղեծրում։ NASA-ն հայտնում է, որ արդեն հետեւում է ավելի քան 25000 օբյեկտների ուղեծրում: Դրանցից մոտ 6100-ը 600 կմ-ից ցածր մերձակետ ունեն։ Օբյեկտի մերձակետը Երկրին ամենամոտ կետն է դրա ուղեծրում: Քանի որ շատերը միեւնույն կետը ունեն, դա կարող է ավելի մեծ գերբեռնվածություն առաջացնել:

NASA-ն հայտարարում է, որ ավելի շատ SpaceX արբանյակների ավելացումը ուղեծրում կավելացնի այդ մերձակետով օբյեկտների թիվը երկրաչափական պրոգրեսիայով: Վտանգն այստեղ կայանում է նրանում, որ NASA-ի առաքելությունները (եւ այլ գործակալությունների առաքելությունները) գուցե ստիպված լինել փոխել ընթացքը՝ SpaceX արբանյակների հետ բախումից խուսափելու համար:

SpaceX արբանյակները պետք է կարողանան ավտոմատ կերպով մանեւրել: Սակայն NASA-ն հայտարարում է, որ այս պնդումը «վիճակագրական հիմնավորում չունի»։ Բացի այդ, NASA-ն նշում է, որ SpaceX-ը 100 տոկոս հուսալիություն չի կարող երաշխավորել:

ՄՏԿ-ի բախումը Starlink արբանյակի հետ կարող է վտանգի ենթարկել տիեզերագնացներին: