Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ նշանակություն չի տալիս իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի «վիրավորանքներին» եւ կշարունակի Ռուսաստանին պատմել «իր ագրեսիվ պահվածքի մասին՝ անկախ ցանկացած վիրավորանքից»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թրասի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ իրենց հանդիպումը նման է խուլ ու համար մարդկանց խոսակցության։

«Մեզ մտահոգում է կառավարությունը, որն իր մտադրություններով էքսպանսիոնիստական է եւ ձգտում է խարխլել ժողովրդավարությունն իր սահմանին: Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, թե ինչ վիրավորանքներ կհասցնի ինձ Սերգեյ Լավրովը. ես կշարունակեմ նույնը պնդել»,- ասել է Թրասը ITV-ին։

Ընդ որում, մեկնաբանելով Ղրիմում զորավարժություններից հետո զինվորականների վերադարձի մասին ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, Թրասն ասել է, որ չի տեսել այդ հաղորդագրությունները եւ իրեն «ավելի շատ դետալներ» պետք կլինեն՝ հավելելով. «Ռուսները հայտարարել են, որ ներխուժման պլաններ չունեն, բայց մենք պետք է տեսնենք զորքերի լայնամասշտաբ դուրսբերումը՝ ապացուցելու համար, որ դա ճիշտ է»: