ԱՀԿ-ն հանկարծ ուշադրություն է դարձրել Արեւելյան Եվրոպայում COVID-19-ի աճող տեմպերին, որտեղ վեց երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Ուկրաինայում, դեպքերի թիվը կրկնապատկվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում։

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի խոսքով՝ 53 երկրներից բաղկացած տարածաշրջանում, որը ձգվում է նախկին խորհրդային հանրապետություններից մինչեւ Կենտրոնական Ասիա, այժմ կորոնավիրուսով վարակման ավելի քան 165 միլիոն եւ մահվան 1.8 միլիոն դեպք է գրանցվել, այդ թվում 25.000-ը՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում,  հաղորդում է AP-ն:

«Այսօր մեր ուշադրությունը կենտրոնացած է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի արեւելքի վրա»,- ասել է Կլյուգեն՝ մատնանշելով խիստ վարակիչ օմիկրոն տարբերակով վարակման դեպքերի աճը:- Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանի այս հատվածի վեց երկրում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա) COVID-19-ի դեպքերի թիվն ավելի քան կրկնապատկվել է»։

«Ինչպես եւ սպասվում էր, օմիկրոնի ալիքը շարժվում է դեպի արեւելք. այս տարբերակն արդեն հայտնաբերվել է 10 արեւելյան անդամ երկրում»,- ասել է նա: