Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, մասնավորապես, ներկա գտնվել Ամասիայում նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ֆաբրիկայում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ ընկերությունը նախատեսում է սկզբնական շրջանում բացել 150 աշխատատեղ, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 300-ի: Նորակառույց կարի ֆաբրիկայի ստեղծման հիմքերը դրվել են 2009 թվականին՝ «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի եւ հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում: Շուրջ մեկ տարում, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ շենքում շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ներդրումներ են կատարվել ձեռնարկության արտադրական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ընդգծվել է, որ ֆաբրիկայի շինարարական նախագծերում ներառված է նաեւ 2000մ² մակերեսով նոր շենքի կառուցում: Ծրագիրը, որն ընդհանուր առմամբ կարժենա մոտ 750 մլն. դրամ, նախատեսվում է ավարտել 2013թ.: Հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ, հեռանկարային զարգացման ծրագրերում են նաեւ նոր եկեղեցու կառուցման աշխատանքներն ու համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2014թ: Այդ ծրագրի շրջանակներում համայնքը շուտով կունենա նոր զբոսայգի, որի նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը եւ կհիմնվի նոր թաղամաս:
Նախատեսվում է նաեւ կինոթատրոնի շինարարություն եւ քաղաքի համար հատուկ մուտքի կառուցում` գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Արդյունքում՝ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ՝ ոչ միայն Ամասիայի, այլեւ մարզի մյուս գյուղերի բնակիչների համար:
Ամասիա այցի ճանապարհին Սերժ Սարգսյանը կարճատեւ կանգառ է ունեցել Բանդիվան համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, հետաքրքվել՝ մի քանի ամիս առաջ Բանդիվան կատարած իր նախորդ այցի ժամանակ քննարկված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Բնակիչները տեղեկացրել են նախագահին, որ բոլոր խնդիրները նախատեսված ժամկետում լուծվել են: Մասնավորապես, «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն որոշակիորեն ընդլայնել է մթերման եւ արտադրական ծավալները, լուծվել է համայնքի գազիֆիկացման խնդիրը, Բանդիվանին հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա:




























